Պատմվածքներ. Հովհաննես Թումանյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Պատմվածքներ - Հովհաննես Թումանյան страница 7
III
Ինչպես ղրղին հանկարծ վրա է տալիս և ճնճղուկները ահաբեկված այս ու այն կողմից փախչում-լցվում են մի թփի մեջ, որ ազատվեն, ինչպես ուրուրը պտտվում է երկնքում և հավի ճուտերը լեղապատառ հավաքվում են մոր թևի տակը, – այնպես էր Հասան խանի ահից հալածված` Փամբակա, Շորագյալի, Աբարանու, Ղազախու, Բորչալվի, Լոռու ժողովուրդը փախել, լցվել Դսեղա ձորը:
Դսեղեցի Օվագիմ յուզբաշին, քառասուն աժդահա տղամարդ հետն առած, անքուն, անդադար ոտի տակ էր տալիս Սիսի բերդից մինչև Հաղբատ – Սանահին, Լոռու ձորերի մի ծայրից մինչև մյուսը, թևատարած արծվի նման պտտվում էր յուր ձորերի գլխին և սիրտ էր տալիս քարանձավներում, քարափների տակ կուչ եկած, իրան թևի տակը մտած ժողովուրդներին:
– Վա՜խիլ միք, – սրտապնդում էր նա, – քա՞նի գլխանի կըլի էն ղզլբաշը, էն դուշմանը, որ էս ձորերը ոտ կոխի… բաս էլ ընչի համար ենք մեր գլխին տղամարդի գդակ դնում, էլ ընչի համար ենք թուր ու թվանք վեր անում…
Իրա նման էին և իրա բոլոր ընկերները: Հասան խանի չափաուլները – ասպատակները առաջին անգամ սրան պատահեցին Գյուլլադագանա կիրճում, Լոռու ձորերի նեղ բերանում, և գլուխները կորցրած ետ նահանջեցին. երկրորդ անգամ ջարդվեցին Շահալվի ձորում, որը մինչև օրս էլ «Կռվատեղ» է կոչվում, իսկ երրորդ անգամ Հնեվանա ձորում քանդած Ուզունլարի թալանը խլել տվեցին գիշերով:
Այսպես անպարտելի կռվում էր, մի նոր գայլ Վահանի նման, այս «Լոռու ձորերի աստվածը» յուր առյուծ ընկերներով:
IV
Ծերունի Մեհրաբը, Օվագիմի հայրը, Լոռու ձորերի նահապետը, ըսկի չէր էլ մտածում, թե հարյուր տարին անց է կացրել: Նրա վիթխարի, բարձր հասակը կորացել էր, նորից ամրացել ճերմակ մազ ու միրուքը բռնել կուրծք ու երես, և աժդահայի ահավորության հետ խառնել, միացրել ծերության պատկառանքը:
Թշնամու անունը նոր ույժ ու եռանդ տվեց նրան, որդու և յուրայինների սխրագործությունները նոր սիրտ, նոր ուրախություն, և, մինչդեռ աշխարքը լողում էր արյան ծովում, այս ծեր արծիվը, յուր ժայռերի գլխին նստած, թշնամու վրա ծիծաղում ու իրանց պապերիցն էր պատմում:
– Մեր պապերն էս թավուր մարդիկ են էլել, – ասում էր նա, – մենք նրանց թոռներն ենք, նրանց սիրտն ու նրանց արինն ունենք… Ղուշն իրան թևովը, օձն իրան պորտովը – թշնամի անունով չպետք է մեր ձորերովն անց կենա: Մեր ճամփեքը թշնամու համար փակ ու կապ պետք է լինեն. – մեր տան դուռն ու մեր սիրտը բարեկամի համար ա բաց… Նամարդի համար մենք թուր ու թվանք ունենք, տղամարդի համար` աղուհաց…
V
Այս ժամանակներում ամեն մի քաջ տղամարդի համբավ ու գործ կայծակի արագությամբ տարածվում էր երկրե-երկիր, բերանե-բերան: Սաստիկ ճնշումն ու հալածանքը կատաղեցրեց, դուրս կանչեց ժողովրդի քաջերին, և ամեն տեղ հոգով արի տղամարդը մռնչաց, աղաղակեց, զենք առավ, սուր բարձրացրեց ղզլբաշի դեմ: Տառապած, պաշտպանության կարոտ ժողովուրդը ոգևորությամբ նկատում ու հռչակում է այս սակավաթիվ հերոսներին:
Փամբակա, Շորագյալի, Աբարանու փախածներից ով գալիս, Քանաքեռցի Աղասու գովասանքն էր բերում հետը: – «Աղասին, իգիթ Աղասին… ղզլբաշի հոգին հանեց… քրդի արյունով քար ու հող լվաց Աղասին… Ալագյազու վրա պատահեց– հաղթեց… Անի քաղաքում կռվեց–կոտորեց Աղասին… Մի տեղ առաջը կտրեցին,