Կայծեր Մաս 1. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Կայծեր Մաս 1 - Րաֆֆի страница 12
Երբեմն ծերունիներից ոմանք առաջարկում էին վարժապետիս խորին աստվածաբանական հարցեր: Նա բոլորի պատասխանը խիստ խելացի կերպով տալիս էր…
Զ
ԴՊՐՈՑ
Մեր դպրոցը տեր Թոդիկի ավելորդ սենյակներից մեկն էր, անասունների ախոռին շատ մոտ և համարյա կպած նրա հետ: Այն նեղ և խեղդված խուցի մեջ լցված էին թվով մինչև քառասուն աշակերտներ. բացի աշակերտներից, այնտեղ կապած էին տեր հոր նորածին հորթերից երեքը: Ձմեռը շատ լավ էր այնտեղ, թեև վառելիք չունեինք, բայց ախոռից դասատան մեջ ծակված պատուհանները բաց էին անում և ջերմ գոլը մառախուղի պես ներս էր թափվում, մեր դասատունը դառնում էր տաք, որպես բաղնիք: Ո՞րքան ուրախանում էինք մենք… Թեև անասունների շնչառությունից գոլորշիացած ջերմությունը խեղդելու չափ ծանր էր: Ամառը շատ վատ էր այնտեղ, որովհետև ախոռի մեջ գտնված անմաքրությունների խմորվելուց` մի կողմից փչում էր անախորժ գարշահոտություն, մյուս կողմից, գոյանում էին զանազան տեսակ զեռուններ, որոնք լվերի հետ խումբեր կազմելով, ահագին բազմությամբ արշավանք էին գործում դեպի մեր դասատունը: Նրանք այնքան մանր էին, որ աչքը հազիվ էր տեսնում, բայց ո՜րպես սարսափելի կերպով խայթում էին, – այդ միայն աստված գիտե:
Ամբողջ դպրոցը բաղկացած էր մեկ դասատնից. նրա միջումն էին ավանդվում թե բարձր և թե տարրական գիտությունները, սկսյալ այբբենարանից, մինչև այն ահագին գիրքը, որ ես հազիվ էի կարողանում մինչև ժամատան խուցը տանել: Մեր դասատունը, թուրքի մեչիդի նման, բոլորովին մերկ էր. նստարան, աթոռ, սեղան կոչված բաները այնտեղ չկային: Աշակերտները ծալապատիկ նստում էին խոնավ հատակի վրա, առանց տախտակամածի, որ միայն պատած էր ճահճային բույսերից հյուսած հասիրներով: Վարժապետը միայն իր տակին փռած ուներ այծի մորթի, և մի քանի հարուստների որդիները նույնպես ունեին փոքրիկ օթոցներ, որ բերել էին իրենց տներից: Միակ առարկաները, որոնք հիշեցնում էին, թե այն մթին և գերեզմանի պես խոնավ սենյակը դպրոց էր, – էին` ֆալախկան և մի խուրձ դալար ճիպոտներ նրա մոտ դրած…
Ա՜խ, քանի՜, քանի՜ անգամ մենք գողացանք, քանի՜ անգամ կոտրեցինք այն անիծված ֆալախկան, դարձյալ չկարողացանք ազատվել նրանից: Նա միշտ կար և կար… Նա միշտ անպակաս մնաց մեր դպրոցից… Երբ ես շատ ուշ, վերջին ժամանակներում, կարդացի ինկվիզիցիայի հնարած գործիքների նկարագրությունը և նրանց տեսակները, զարմացա, թե ի՞նչպես էր պատահել, որ կաթոլիկ եկեղեցու հանճարը, որ այնքան զորավոր էր տանջանքի մեքենաներ ստեղծելու մեջ, բոլորովին ի նկատի չէր առել ֆալախկան – այդ, աշակերտի հոգին մարմինը մաշող գործիքը… Աշակերտի մերկ ոտները դնել այդ պատժական մեքենայի մեջ, պտտեցնելով վեր բարձրացնել, հետո դալար ճիպոտներով այնքան