Կայծեր Մաս 1. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Կայծեր Մաս 1 - Րաֆֆի страница 13
Մեր դպրոցն ուներ իր ուրիշ խստությունները:
Վաղ-առավոտյան պետք է դասատուն գայինք բոլորովին անոթի, առանց մի պատառ հաց անգամ բերան դնելու: Թեյի կամ սուրճի գործածությունը այն ժամանակ դեռ մեր երկրում մտած չէր: Իսկ եթե մեր տներում գտնված թանից կամ մածունից նախաճաշիկ անեինք, դրա համար սաստիկ պատիժներ էին նշանակված: Վարժապետն ասում էր. «Կուշտ փորով չէ կարելի դաս սովորել, երբ մարդ մի բան ուտում է, խելքը պակասում է»: Եվ նա օրինակ էր բերում ճգնավորներին, վարդապետներին, որոնք ոչինչ չէին ուտում, բայց իրանցից գրքեր էին շարադրում:
Հիշյալ պատվերը մենք կատարում էինք ամենայն ճշտությամբ. զեղծումներ անել նրա դեմ անկարելի էր, որովհետև վարժապետը սատանայի պես իմանում էր, երբ աշակերտը մի բան կերած էր լինում: Ահա ինչպես էր իմանում. նախ քան ուսման սկսվիլը, վարժապետը ո՛ր աշակերտի վրա կասկած ուներ` սկսում էր նրա լեզուն քննել, որ տեսնե, արդյոք նա իր ծոմը լուծել էր, թե ոչ: Հայտնի բան է, անսվաղ մարդու լեզուն ավելի սպիտակ գույն է ունենում. նրա մակերևույթի վրա ճերմակ փառ է նստած լինում. իսկ երբ մի բան ուտում կամ խմում է, լեզուն մաքրվում է և ավելի կարմիր գույն է ստանում: Այդ պատճառով մենք ամեն առավոտ ոչ միայն ոչինչ չէինք ուտում, բայց մինչև անգամ վախենում էինք երեսներս լվանալու ժամանակ բերաններս մաքրել ջրով, որ չիցե թե մեր լեզվի ճերմակությունը սրբվի, և վարժապետը ասե, թե ծոմը լուծել ենք…: Եվ այսպես, մինչև կեսօր մենք պարապում էինք բոլորովին սոված փորով. գլուխներս պտտվում էր, աչքներիս առջևը սևանում էր քաղցածությունից, դարձյալ ոչինչ չէինք կարողանում սովորել:
Մեր ժամացույցը պատի ստվերն էր, որը գետնի վրա մինչև մի նշանակյալ խազ հասներ, գիտեինք թե արդեն կեսօր է: Այն ժամանակ միայն թույլտվություն էինք ստանում ճաշելու: Բայց ո՛րքան անհամբերությամբ սպասում էինք, մինչև ստվերը հասնում էր խազին…: Կարծես, արևն էլ մեր վարժապետի նման սիրտ չուներ. նա միշտ դանդաղ և դանդաղ էր գնում, և ստվերը խիստ թույլ կերպով էր տարածվում…
Ճաշը ուտում էինք դասատան մեջ: Աշակերտները իրենց հետ էին բերում բոլոր պաշարը և անուշ պատառներից բաժին էին հանում տեր հոր համար, այնպես որ, նրա մասը ավելի ճոխ էր լինում և բազմատեսակ, մինչև անգամ երեցկինն ու նրա որդիքն էլ կերակրվում էին տեր հոր սեղանից:
Ճաշից հետո, թեև մենք ունեինք մի քանի հանգստության ժամեր, բայց սաստիկ արգելված էին խաղերը: Խաղը համարվում էր մեզ համար մի տեսակ չարություն, որ ընդդեմ էր համեստության և հանդարտության կանոններին: Աշակերտը պետք է լիներ լուռ, անշարժ, ամոթխած և խոնարհ: Այդ պատճառով սաստիկ պատժվում էր աշակերտը, երբ նրան նկատում էին խաղալիս, ավելի վատթար, երբ նրա մոտ գտնում էին խաղալիքներ: Այդ մասին երբեմն դպրոցում անակնկալ խուզարկություններ էին լինում, աշակերտների գրպանները որոնում էին:
Հարուստների որդիքը բացառություն էին կազմում դպրոցի խիստ կարգապահության մեջ. նրանց շատ բան ներվում էր. դասատան մեջ առաջին տեղումն էին նստացնում, իսկ դրսում նրանք անպատիժ էին մնում, երբ ծեծում էին իրանց աղքատ ընկերներին: Այսպիսիներից մեկն էր Ալո անունով մի տղա, որ մեր քաղաքի առաջին հարստի որդին էր. նրա հայրը արքունի փողերանոցի կապալառու էր: Այն ժամանակ Պարսկաստանի