Կայծեր Մաս 2. Րաֆֆի
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 4
– Հիմա ի՞նչ եք կարծում, ո՞վ է մեղավորը:
– Իհարկե, մերոնք, մեր ժողովրդի ներկայացուցիչները, որ ավելի վնասակար են, քան թե թուրքը ու քուրդը:
Ասլանը և վարպետը դեռ երկար խոսում էին: Ես արդեն սկսել էի ձանձրանալ. եթե չամաչեի` կպառկեի ու կքնեի: Աչքերս դժվարությամբ էին բացվում, գլուխս այնքան ծանրացել էր, կարծես արճիճով լցված լիներ: Ի՞նչ մի առանձին բավականություն են գտնում այդ տեսակ վիճաբանությունների մեջ, մտածում էի ես, միշտ միևույն խոսքերը, միշտ միևնույն դատողությունները. մեկը հարստահարված է, մյուսը հարստահարող է, մեկը հալածված է, մյուսը հալածող է, ի՞նչ պետք է անել, որ նեղյալների դրությունն ավելի բարվոքվի, ի՞նչպես պետք է թեթևացնել ճնշվածների ծանր բեռը և այլև: Կարծես դրանք այն մեծ աստվածորդու աշակերտները լինեին, որ հրավեր կարդաց նեղված մարդկության` ասելով, «Եկա՛յք առ իս ամենայն նեղեալք և ծանրաբեռնեալք, և ես հանգուցից զձեզ»:
Ընթրիքի սեղանը վերջապես աղատեց ինձ նրանց խոսակցություններից. վիճաբանության թելը ընդհատվեցավ: Վարպետի տան սպասավորները նրա գործարանի աշակերտներն էին: Ներս մտան մի խումբ զանազան հասակի պատանիներ, յուրաքանչյուրը ձեռքում մի բան բերելով. մեկը աղ, մյուսը հաց, երրորդը գինի, չորրորդը կերակուրներ, մի խոսքով, ինչ որ պատրաստված էր, բոլորը միանգամից դրվեցավ սեղանի վրա: Նրանց տեսնելով, ես բոլորովին սթափվեցա, այլևս չէի նիրհում, մանավանդ երբ նկատեցի, որ այդ չարաճճիները մի առանձին հեգնությամբ էին նայում իմ վրա: Մեկը նրանցից մինչև անգամ դիտմամբ կոխեց իմ ոտքը: Բայց ես ավելի պատճառներ անեի նրանց վրա ծիծաղելու: Բոլորի ձեռքերը, սկսած մատներից մինչև արմունկները, կապույտ գույն ունեին, կապույտ գույնով ներկված էին և նրանց երեսներն ու քթերը: Հեշտ բան չէր ներկարարի աշակերտ լինել և չթաթախվել ներկերի մեջ: Բայց ե՞ս… ե՞ս ում աշակրտն էի… իմ ձեռքերն ի՞նչ գույնով պիտի ներկվեին… Այդ հարցերը իմ գլխում ծագելու ժամանակ ես ամբողջ մարմնով դողում էի…
Ընթրիքից հետո ես խնդրեցի վարպետից, որ ինձ մի տեղ ցույց տային քնելու: Նա իսկույն հրամայեց աշակերտներից մեկին, և նա ինձ համար անկողին պատրաստեց միևնույն սենյակում, ուր մեզ ընդունել էին: Տնային բարեկեցության գլխավոր հատկանիշներից մեկը երևում է անկողնի մաքրությունից: Ես այն տեսակ անկողին չէի տեսել իմ կյանքում: Գլուխս փափուկ բարձի վրա դնելը և աչքերս փակվելը` միևնույն րոպեում կատարվեցան:
Գիշերվա կեսին ես զարթեցա. սաստիկ ծարավ էի: Վանա աղի տառեխը ուտելը հեշտ բան չէ, այն ևս գիշերը: Բայց մեծ եղավ իմ զարմանքը, երբ տեսա, որ Ասլանը դեռ քնած չէր: Նա նստած էր աշտանակի հանդեպ, որի վրա վառվում էր յուղային ճրագը: Ինչ-որ գրում էր:
– Այդ ի՞նչ ես գրում, – հարցրի նրանից:
– Նամակներ, – պատասխանեց նա: – Վաղը առավոտյան մեր թղթատարը մեկնելու է…
Արդյոք դեպի ո՞ր կողմը, արդյոք ո՞ւմ պետք է նամակ տանե, – այդ մասին նա ոչինչ չխոսեց:
– Եթե որսորդին գրելու լինես, իմ կողմից ողջունիր, – խնդրեցի նրանից:
– Լավ, – ասաց նա և շարունակեց իր գործը:
Ես նկատեցի, նա չէ ուզում, որ ես նրան խանգարեմ: Լուռ կացա: Քունը փախավ իմ աչքերից: Անկողնիս մեջ պառկած, մի առանձին ապշությամբ