.

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу - страница 7

Автор:
Жанр:
Серия:
Издательство:
 -

Скачать книгу

անուններ են, – նկատեցի ես, ինքս էլ զարմանալով եմ գյուտի վրա:

      – Թագավորների անուններ են, – ավելացրեց պառավը: – Որդիս շատ անգամ պատմում է երեխաներին այդ թագավորների գործերը, ասում է, որ ամեն մեկը պետք է գիտենա, թե ո՞վ էր իր անվան տերը:

      Տիկինը, ինչպես երևում էր, շտապում էր: Առավոտ էր. տնային գործերը կոչում էին նրան: Մեր թեթև խոսակցությունը նա ավելի գործնականի փոխեց, ասելով, որ ճանապարհից ու հեռու տեղից ենք եկել, խնդրեց, որ մեր սպիտակեղենները, թե իմը և թե Ասլանինը, ուղարկեմ, որ լվանալ տա, որովհետև տանը այդ օրը լվացք չէին լվանալու, և ավելացրեց, եթե կարկատելու մի բան կա, նույնպես ուղարկեմ:

      – Ձեր տունն է, եղբայր, – ասաց նա, – մի ամաչեք, ինչ որ պետք ունեք, կարող եք պահանջել, որպես ձեր մորից և քույրից:

      Ես շնորհակալություն հայտնեցի: Նա հեռացավ: Երեխաները այժմ հանգիստ էին: Նրանք կարծես մոռացան մեծ եղբորը, և երկուսն էլ ուրախանալով վազեցին կատվի փոքրիկ ձագի ետևից, որ նույնպես վազվզում էր բակում: «Դրանք էլ են սիրում Վանա կատուներին, որոնց մազերը կայծեր են արձակում», մտածեցի ես:

      Թե մեր կողմերում, թե այստեղ, հյուրի համար մի առանձին հարգանքի և մտերմության նշան է համարվում, երբ տանտերը ցույց է տալիս յուր տնային տնտեսությունը: Այդ պատճառով ես սիրով ընդունեցի պառավի առաջարկությունը, երբ նա հրավիրեց տեսնելու իրանց տնտեսությունը: Նախ տարավ ինձ մառանը: Դա մի ստորերկրյա ներքնատուն էր, որ ամառնային սաստիկ տոթի ժամանակ ևս պահպանում էր իր մեջ խիստ ախորժելի զովություն: Այստեղ, մի կողմում, կիսով չափ հատակի մեջ թաղված, մինը մյուսի մոտ շարված էին գինու կարասները:

      – Այդ բոլորը մեր այգիիցն է, – ասաց պառավը անմեղ պարծենկոտությամբ: Մյուս կողմում, զանազան փոքրիկ թակույկների (տուճիկ) մեջ կարգով դրված էին յուղ, պանիր, մեղր, աղ դրած տառեխ և զանազան տեսակ թթուներ խաղողից, բոխիից և պես-պես մրգերից ու բանջարեղեններից: Ես առաջին անգամ տեսնում էի այսպիսի լիություն:

      – Այդ բոլորը ո՞վ պիտի ուտե, – հարցրի ես զարմանալով:

      Մենք էլ կուտենք, ուրիշներն էլ կուտեն, – պատասխանեց պառավը բարեսիրտ ծիծաղով: – Աստված խո բոլորը միայն մեզ չէ տվել. նա տվել է, որ մենք էլ չունեցողների համար բաժին հանենք:

      – Գնե՞լ եք այդ ամենը:

      – Ոչինչ չենք գնել: Բոլորը մեր տանիցն է. յուղը, պանիրը ստացել ենք մեր կովերից ու ոչխարներից, մեղրը մեր մեղուներից, մյուսները նույնպես մեր բերքերից ենք ստացել: Պատահում է, որ երբեմն քրդերը մեզ համար յուղ, պանիր, չորաթան ընծա են բերում, բայց մենք նրանց բերածը չենք ուտում, տալիս ենք վաճառելու:

      Ես իսկույն հիշեցի, որ այդ սովորությունը Պարսկաստանի հայոց մեջ էլ կար, մանավանդ կանանց մեջ, որ «թրքազեն» է ասելով, մահմեդականների թե՛ մորթած միսը և թե՛ այլ ուտեստները պիղծ կհամարեին և չէին գործածի, ինչպես, փոխադարձապես, մահմեդականները հայերի պատրաստած ուտեստների վերաբերությամբ նույն կարծիքն ունեին:

      Հետո մտանք ամբարը, որ մի ցամաք շինվածք էր, և ամեն կողմից օդը համարձակ անցուդարձ էր անում: Այստեղ ահագին, քառանկյունի փեթակները լի էին ցորենով և ալյուրով: Մեծ և փոքր խարարների ու ջվալների մեջ դրած էին զանազան տեսակ ընդեղեններ` բրինձ, ձավար, կորկոտ, մաշ, բակլա, սիսեռ, ոսպ և այլն: Դրանք պահոց օրերի համար էին:

      – Բացի բրինձից, – ասաց պառավը, – մնացած բոլորը մեր մշակություններից ենք ստացել: Բրինձի մշակությունը այստեղ չի հաջողվում, և այնքան էլ ջուր չկա. ասում են, որ նա ջուր շատ է սիրում:

Скачать книгу