ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ). Լևոն Ադյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան страница 25
Մենք ակամա նայեցինք նրա հայացքի ուղղությամբ: Դիմացից մի ծերունի էր գալիս՝ բարձրահասակ, մեջքից մի թեթև կոր, սակայն առույգ քայլվածքով:
– Իսկ ո՞վ է դա, չեմ ճանաչում, – աչքերը կկոցած հարցրեց Սաղումյանը:
– Քիչ առաջ պատմում էի՝ հային հայի ձեռքով վերացնելու մասին: Սա հայտնի չեկիստ Ասծատուրովն է: Դավիթ Ավետովիչ Ասծատուրով: Լսած կա՞ք:
– Այն, որ Թևանին…
– Այո, այո, հենց նա է, որ կա: Թևանին, շնորհիվ որի Ղարաբաղի հայությունն ամբողջովին չբնաջնջվեց թուրք արյունարբու զավթիչների ու մուսավաթականների կողմից, սա է կործանել: Մեր թշնամին մեր մեջ է, Հարություն, ամենավտանգավոր թշնամին մեր մեջ է: Ծառը չէր տապալվի, եթե կացնի կոթն իրենից չլիներ… Իմացած եղիր, ազգերն ամենից շատ իրենց տականքների երեսից են տառապում:
Մինչ այդ ծերունին հասավ մեզ, ուզում էր անցնել, Հուրունցը կանգնեցրեց:
– Բարև ձեզ:
– Բարև…
Մարդը շփոթված կանգ առավ, անվստահությամբ ու փոխնիփոխ նայեց մեզ:
– Չեմ ճանաչում, – ավելացրեց նա մի տեսակ մեղավոր տոնով, – տեղը չեմ բերում:
– «Կոմունիստ» հայերեն թերթում ենք աշխատում, – չգիտես ինչ նպատակով՝ հնարեց Հուրունցը, – ինչպե՞ս եք:
– Ոչինչ, շնորհակալ եմ, անցյալ տարի իմ ծննդյան յոթանասունհինգ ամյակին շքանշան ստացա, իսկ այս տարի հրաձգության հանրապետական մրցումներում գրավեցի առաջին տեղը:
Սաղումյանը զարմանք արտահայտող դեմքով նայեց նրան:
– Յոթանասունհինգ տարեկանի նման չեք բոլորովին, – ասաց նա: – Դուք ինձնից շատ ջահել եք երևում:
– Սպորտով եմ զբաղվում, – փութով բացատրեց ծերունին: – Ժամը վեցից հետո հաց չեմ ուտում, ամեն օր սառը ցնցուղի տակ լողանում եմ, մարզանք եմ անում, իսկ իրիկունները նստած՝ հուշեր եմ գրում:
– Ինչի՞ մասին ես գրում, – խոսեցրեց Հուրունցը:
– Իմ գործունեության, – անվարան ասաց ծերունին, – քիչ բա՞ն կա գրելու: Օրինակ, մասնակցել եմ թաթարների տեղահանմանը՝ Ղրիմից Միջին Ասիա, Ուզբեկստան: Նրանցից անմիջապես հետո հույներին, բուլղարներին ու հայերին աքսորեցին: Հայերը համեմատաբար քիչ էին՝ ինը հազար վեց հարյուր քսանմեկ մարդ: Գաղտնի պայմանագիր է եղել կնքված, որ Ղրիմը դատարկեն՝ այնտեղ հրեաներին բնակեցնելու համար, բայց հետո Ստալինը միտքը փոխել է: Չեչենների ու ինգուշների տեղահանմանը՝ 1944 թվականի փետրվարի քսաներեքի տոն օրը, նույնպես մասնակցել եմ: Մի շատ հետաքրքիր դեպքի մասին պատմեմ, չեք իմանա… Լեռնային Հայբախ գյուղում ձյունամրրիկի պատճառով