Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ). ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ) - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 14
Հեռանում ենք մենք տրտում՝ մեռածներին մեր թողած, նրանց ոգին մեր հոգում հավիտյանս անթեղած։ Լացակումած հեռանում, հեռանում ենք քաղաքից, թուրքի ոհմակն է ոռնում լաստանավի քամակից։
Բաքու՜, Բաքու՜, հեքիաթայի՜ն, անրջակա՜ն, դու մեզ անհա՜ս, դու մեզ համար անմատչելի, այսուհետև սոսկ հուշերում, լոկ հուշերում կարող ենք գալ մենք քեզ այցի, Բաքու՜, Բաքու՜, սիրու՜ն քաղաք, սիրո՜ քաղաք՝ կախարդակա՜ն, երազայի՜ն, անզուգակա՜ն։
Օրորվում է ծովը լուռ, հրաժեշտի ծփանքով, խոր վշտի մեջ մենք անլուր ետ ենք շրջվում արցունքով։ Ետ ենք շրջվում՝ քեզ, Բաքու, մի անգամ էլ նայելու, չէ՞ որ գիտենք՝ տեսքը քո, ավա՜ղ , էլ չենք տեսնելու…
1990թ.հունվար
ԵՍ ԵՎ Ն Ա
Փողոցով անցնում էր զառամյալ մի մարդ: Հազիվ էր շարժվում՝ ոտքը դանդաղուն, ծանր փոխելով: Մի պահ մտախոհ նայեցի հեռվից ու սարսափ պատեց ինձ միանգամից.. .Ես մտածեցի. չէ՞ որ կգա և գարունն իմ վերջին և այնտեղ, ուր որ հուրհրատում էր կրակը վառման իմ ջահելության՝ մոխիր կլինի լոկ, ախ, մոխիր միայն…
Տարիներ անցան, ժամանակ անցավ, ես, աստվածածին իր գեղեկցությամբ ու աշխարհի ողջ բարությունն իր մեջ ամփոփած, որդի կորցրի, մեն մի օրվա մեջ լրիվ ճերմակած՝ չհասկացա էլ , թե ոնց ծերացա.. .Լուռ քայլում էի ծերունական իմ գայթուն քայլերով, զգացի մեկի հայացքը վրաս ու ետ շրջվեցի. ջահել մի տղա՝ սիրուն պատանյակ, մտախոհ կանգնած, նայում էր հեռվից…
ՄԱՅՐ ԻՄ
Մա՜յր իմ, մայր իմ սիրասուն, սրտիս կոտրած հենասյուն, խոտ ու ծաղկի մեջ կորած՝ վրադ անգամ քար չկա։ Գուցե հառնե՜լ ես նորից, նորից ելել ես հողից՝ որպես մի խոտ , մի ծաղիկ, որպես կակաչ հրավառ՝ տեսքով կարմիր, սիրտը սև, օրորվում ես քամու հետ, լաց ես լինում ինձ համար։
Մա՜յր իմ, մայր իմ աննման, դու ամբարված բարություն, չկա արար աշխարհում ուրիշ ոչ ոք քեզ նման։ Մա՜յր իմ, մայր իմ դու անգին, դու մեծագու՜յն սրբություն, քո կարոտից գիշեր – զօր մղկտում է իմ հոգին։
Ների՜ր, ներիր բոլորին. զավակներիդ, թոռներիդ, աստվածածին քո հոգով, քո մեծ սրտով տառապյալ, բոլորին էլ դու ներիր. չկար մեկը մեզանից՝ բռներ ձեռքդ սրբասուրբ, մի կում ջուր տար, մի քիչ հույս, մոտդ նստեր մինչև լույս, մի խոսք ասեր սրտահույզ, մենակության մեջ լքյալ( գուցե ծարավ ու սովյալ), կյանքդ տրտում բոլորեց՝ աչքդ ճամփին բոլորիս։
Ի թողություն մեղա՜ց. մեղքի տակից ո՜նց դուրս գանք, չկա մեզ ապաշխարանք. մեղսակից ենք հար – հավետ, քանի ապրում ենք ու կանք:
ՊԱՏՎԻՐԱՆ
Ես մեռել էի: Ինձ թաղել էին, կամ այրել էին. դա չէ կարևոր– ես հառնել էի: Ես հառնել էի ուրիշ աշխարհում. ընկերները իմ չկային արդեն, ովքեր էլ կային՝ ծերացել էին. ինձ մտաբերել չկարողացան:
Մայրս… մայրս անպայման ինձ կճանաչեր, արցունքն աչքերին կրծքին կսեղմեր, բայց… մայրս չկար: Նա հող էր դարձել , և որպես ծաղիկ, որպես մի կակաչ՝ ինքը ալ կարմիր, սակայն, սիրտը սև, լուռ օրորվում էր մեղմիվ հովի հետ. նա լաց էր լինում իր որդու համար:
Ես հառնել էի, բայց մեկը չկար ինձ դիմավորեր… Ու նորից մեռա, որ դառնամ կակաչ, կամ մի այլ ծաղիկ՝ ամեն լուսայգի ողջունեմ մարդոց յուրաքանչյուրին, ասեմ, որ ես էլ այնպիսին էի, ինչպես դու հիմա, դու էլ կդառնաս ճիշտը այնպիսին, ինչպես ես հիմա. սերն է ի սկզբանե, սերն՝ հարափոփոխ, սերն՝ հրաթրթիռ