Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 32
Բաղդադի երկաթուղին99 արդեն այն մեծ շարժիչն էր, որ հավաքում եւ սպառազինում էր գերման ֆինանսական կապիտալը։ Այն Աբդուլ-Համիդի հետ բարեկամություն էր պահանջում, եւ Վիլհելմը100 ստրուկի հնազանդությամբ կատարում էր ամենակատաղի այդ տիրոջ հրամանները։ Եվ պարզ էր, որ իր թիկունքում ունենալով աշխարհի ամենախոշոր միլիտարիստական պետությանը` սուլթանը բոլորովին առիթ չէր ունենա առանձին երկյուղ զգալու Անգլիայի եւ նրա հետ համաձայնության եկած Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջ։ Սա նշանակում էր, թե այս եռապետյան համաձայնությունը խախուտ է, արհեստական եւ առաջին հարմար րոպեին պիտի պայթի։
Քաղաքական ետնաբեմում թաքնված այս իրողությունը նկատելի չէր հանդիսատեսներին, ուստի թվում էր, թե երեք պետությունների միջամտությունը շատ ամուր է եւ կլինի միանգամայն արգասավոր։ Եվ այս լավատեսությունը շատ հեղինակավոր էր դառնում հանգամանքների բերումով։ Սասունի հյուպատոսական հանձնաժողովը, չնայած թուրք կառավարության գործադրած բոլոր ջանք ու հնարքներին, ապացուցեց այդ կառավարության մեղավորությունը, կատարված մեծամեծ խժդժությունները։ Երեք կառավարությունները Կ.Պոլսի իրենց դեսպաններին հրամանագրում էին` միասին մշակել ռեֆորմների ծրագիր եւ առաջարկել սուլթանին, որ հաստատի այն եւ գործադրի հայաբնակ վեց նահանգներում։ Դեսպանների մշակած ծրագիրը թուրքաց կառավարությանը հանձնվեց 1895-ի մայիսին, եւ այս պատճառով այն ստացավ Մայիսյան ռեֆորմներ101 անունը։ Այդ թուղթն անհուն հրճվանքի առարկա դարձավ հայ ազգասիրության համար։ Վերջապե՜ս։ Վախճան էին ստանում թուրքահայ աշխատավոր ժողովրդի դարավոր տառապանքները։ Մարդիկ իրար շնորհավորում էին, իրար հետ համբուրվում։
Մայիսյան ռեֆորմները բավական համեստ վարչական մի ինքնավարություն էին ներկայացնում, որի բոլոր հոդվածները վերցված էին Թուրքիայում գոյություն ունեցող օրենքներից, այնպես որ, հայերի համար իսկապես որեւէ նոր, աննախընթաց դրություն, նոր իրավական կարգ չէր ստեղծվում։ Հեռու լինելով անջատական հնարավորություններ ստեղծելու կարելիությունից, դրանք իսկապես կարող էին վերանորոգման եւ վերածնության կոչել ոչ միայն հայերին, այլեւ նրանց հետ ապրող քրդերին եւ թուրքերին, որովհետեւ այս ազգային փոքրամասնությունների իրավունքները լիովին ընդունված էին, այնպես որ կիսավայրենի քուրդը պիտի նստեր հայի հետ գավառական եւ նահանգական ժողովներում ու պիտի վճիռ տար կրթական եւ կուլտուրական բարձր շահերին նվիրված հիմնարկությունների մասին։
Բայց եւ այնպես, թուրք կառավարությունը, հավատարիմ մնալով իր վաղեմի սովորությանը, գործադրում էր ձգձգումների քաղաքականությունը, մինչեւ որ թուլանար ու եղծվեր պետությունների համաձայնությունը։ Նրա այս ակնկալությունը հետզհետե սկսում էր իրականանալ։ Ռուսաստանը, արտաքին գործերի մինիստր Լոբանով-Ռոստովսկու102 ղեկավարությամբ, նահանջի ճանապարհներ էր որոնում։ Խրիմյան
99
Բեռլին-Բաղդադ երկաթուղու շուրջ բախվում էին բոլոր խոշոր տերությունների եւ կառույցների շահերը։ Սա ոչ միայն տնտեսական եւ ռազմա-ստրատեգիական նշանակություն ուներ, այլեւ առարկայորեն շոշափում էր հայության կենսական շահերը. Թեոդոր Հերցելն առանց հաջողելու խնդրեց սուլթանին, որ հրեաներին ազգային փոքրիկ օջախ տրամադրվի իրենց պատմական հայրենիքի մի հատվածում՝ դրա դիմաց ի շարս այլոց խոստանալով հոգալ անապատի միջով անցնելիք երկաթուղու շինարարության ահռելի ծախքերը։ Սուլթանը չհամաձայնեց։ Երկաթուղին սկսեց կառուցվել 1888-ին։ Դա Գերմանիայի գաղութատիրական քաղաքականության փորձն էր, որը բրիտանացիք ու ռուսները ֆրանսիացիների հետ ընդունեցին որպես ուղղակի սպառնալիք իրենց շահերին։ Թեեւ բրիտանացիները սկզբից փորձեցին համատիրություն սահմանել գերմանացիների հետ ու հավասար ներդրումներ անել, բայց նրանք դա դադարեցրին Առաջին աշխարհամարտի նախօրեին։ Այն ավարտվեց միայն 1940-ին։
100
Խոսքը Գերմանիայի երկրորդ եւ վերջին կայսր Վիլհելմ Բ-ի (1859-1941) մասին է, որ իշխել է 1888-1918թթ.։ Թոռն էր Վիլհելմ Ա Հոհենցոլեռնի (1797-1888), որ Պրուսիայի թագավորն էր 1861-ից եւ Բիսմարկի քաղաքական տաղանդի շնորհիվ՝ գերմանական կայսրը՝ 1871-ից։
101
Տե՛ս Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, նշվածը, էջ 130-147, 767, ինչպես նաեւ դրա համապատասխան հղումները։
102
Լոբանով-Ռոստովսկի Ալեքսեյ Բորիսովիչ (1824-1896) – Ռուս դիվանագետ՝ Ռյուրիկից սերող իշխանական տոհմից. 1859-1863թթ. Ռուսաստանի բանագնացը Կ.Պոլսում, 1867-1878 ՆԳ փոխնախարար, 1878-ին՝ դեսպան Կ.Պոլսում, 1879-1895թթ.՝ դեսպան Լոնդոնում, Վիեննայում, Բեռլինում, 1895-1896թթ. արտգործնախարար։ Սուլթանին ուժեղացնելու գծի կոմնակից։ Ըստ Լեոյի՝ «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի հեղինակն է։