Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 27

Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Скачать книгу

հրաժարման պատճառով։ Խրիմյանին աքսորից ազատելով եւ կաթողիկոսական աթոռի վրա նստեցնելով` ստեղծվում էր, ինչպես շարունակում էին կարծել, մի շատ նպաստավոր դրություն` Հայոց հարցը պետությունների հերթական եւ անհետաձգելի խնդիր դարձնելու համար։ Ուստի կաթողիկոսական ընտրությունը հավասար չափով ուրախացնում էր եւ երկու հեղափոխական կուսակցություններին։ Դաշնակցականներն այդ ընտրությանը մինչեւիսկ գնացել էին Էջմիածին՝ պրոպագանդայի եւ օտար տեղերից եկած պատգամավորների հետ տեսնվելու ու խորհրդակցելու համար։

      Նույն տարին առանձնապես շեշտվեց նաեւ մի շարք նշանավոր գործիչների մահերով։ Մեռան Գամառ-Քաթիփան, Խորեն Նար-Պեյը84, Գարեգին Սրվանձտյանցը85, իսկ տարվա վերջին` նաեւ Գրիգոր Արծրունին։ Մանավանդ այս վերջին մահը չափազանց խոր տպավորություն թողեց ամբողջ հայության վրա, եւ դեկտեմբերի 27-ին նրա թաղումը Թիֆլիսում տեղի ունեցավ այնպիսի մի հանդիսավորությամբ, որի նմանը դեռ երբեք չէր տեսել այդ քաղաքը։

      Իբրեւ Շուշիի բարեգործական ընկերության կողմից պատգամավոր` ես էլ ներկա էի այդ թաղմանը։ Դեկտեմբերի 27-ը դարձավ միաժամանակ քաղաքական մի խոշոր ցույց՝ ցարական բյուրոկրատիայի դեմ։ Սահմանված էր, որ թաղման հանդեսը Վանքի եկեղեցուց դուրս գալով` Բարյատինսկայա փողոցով կբարձրանա Գոլովինսկի պրոսպեկտ եւ Երեւանյան հրապարակով կմտնի Միջին փողոցը` դեպի Խոջիվանք գնալու համար։ Թիֆլիսի նահանգապետ Շերվաշիձեն, սակայն, փոփոխություն էր մտցրել այդ երթուղու մեջ` հպատակվելով Կովկասի կառավարչապետ Շերեմետեւի86 ցուցումներին, որ Հայկական դատի եւ շարժումների թշնամին էր։ Պատճառ բերելով կառավարչապետի հիվանդոտ դրությունը` Շերվաշիձեն անհարմար էր համարել, որ ժողովրդական կուտակումներից բաղկացած սգերթը պալատի առջեւով անցնի, ուստի ճանապարհ էր նշանակել Լոռիս-Մելիքյան փողոցը։ Երիտասարդությունը, վրդովվելով այդ կարգադրությունից, որոշեց չհնազանդվել դրան։ Այդ պատճառով, երբ եկեղեցական հանդեսը բարձրանալով Բարյատինսկայա փողոցով` ուզեց մտնել Լոռիս-Մելիքյան փողոցը, հետեւից եկող բազմահազար ժողովուրդը նրան սաստիկ հրելով առաջ քշեց` ոտքի տակ տալով բազմաթիվ քաղաքապահ ոստիկանների, եւ դուրս գալով Գոլովինսկի պրոսպեկտ` այն լցրեց ծայրից ծայր եւ, անդիմադրելի լավայի պես առաջ շարժվելով, պալատի մոտ եւ Դվորցովայա փողոցում լռեցրեց հոգեւորականության ձայնը՝ երգեր երգելով եւ «Կեցցե՛ Հայաստան» կանչելով։ Ոստիկանապետը կազակներով թռավ ցույցի տեղը, բայց ուշ էր արդեն, ժողովրդական ծովի հետ արդեն ոչինչ չէր կարելի անել։ Նրան մնաց բավարարվել հանդիսատեսի դերով։

      Այս քաղաքական ցույցը շատ խոր տպավորություն թողեց մանավանդ ինձ` գավառից եկած երիտասարդիս վրա։ Շուտով ես ծանոթացա եւ այն մարդկանց հետ, ովքեր նրա գլխավոր առաջնորդներն էին հանդիսացել։

      Թաղումը տեւեց շատ երկար։ Ճառախոսների թիվը մեծ էր, բայց ճառերի մեջ շատ քչերն էին աչքի ընկնում իրենց ուժեղ եւ ինքնատիպ բովանդակությամբ։ Դրանցից մեկն էր Սիմոն Զավարյանի ճառը. համարձակ, հեղափոխական, մանավանդ՝ հակակղերական` ուղղված գերեզմանը շրջապատած բազմաթիվ տերտերների դեմ։

      Մութ էր, երբ վերադարձանք Խոջիվանքի գերեզմանատնից։ Մի մեծ խմբով գնացինք բժիշկ Հ. Լոռիս-Մելիքյանի տուն, Վելյամինովսկայա փողոցի ծայրում, ուր պիտի հանգստանայինք

Скачать книгу


<p>84</p>

Խորեն Գալֆայան (Նար-Պեյ) (1832-1892) – Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, եպիսկոպոս, հասարակական գործիչ։ Եղել է Բեռլինի կոնգրեսի հայկական պատվիրակության կազմում։

<p>85</p>

Գարեգին Սրվանձտյան(ց) (1840-1892) – Հայ առաջին եւ անգերազանցելի բանահավաքը, «Սասնա ծռեր» էպոսի առաջին գրառողը։ Եպիսկոպոս, որ մասնակցել է Վանի «Միություն ի փրկություն» (1872) գաղտնի կազմակերպության ստեղծմանը, «Սեւ խաչի» աշխատանքներին. հետապնդվել է օսմանյան իշխանությունների կողմից։

<p>86</p>

Շերեմետեւ Սերգեյ Ալեքսեեւիչ (1836-1896) – Կովկասի կառավարչապետ (1890-1896), գեներալ-համհարզ, գեներալ-ֆելդմարշալ։