Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 25
Ահա այս իսկ երեխայական եւ իր կույր նացիոնալիստական բնազդներով անհամակրելի արկածախնդրությունն էր իր գործունեության իբրեւ սկիզբ ընդունում «Երիտասարդ Հայաստան» կազմակերպությունը։ Բայց նա այդ անունը պինդ չգրկեց։ Հայ հեղափոխության օգուտը պահանջում էր, որ բոլոր կազմակերպությունները միանան, մի ընդհանուր մարմին դառնան։ Այս մասին Թիֆլիսում կայացան խորհրդակցություններ, եւ վճռվեց, որ «Երիտասարդ Հայաստանը» կոչվի «Դաշնակցություն» եւ միացնի իր հետ Հնչակյան, Արմենական կուսակցություններն ու այդպիսով գոյություն ստանա մի կուսակցություն` դաշնակցային հիմքերի վրա, այսինքն` յուրաքանչյուրի ներքին ինքնավարության պայմանով։ Այդ «Դաշնակցությունը» պիտի հրատարակեր իր սեփական օրգանը՝ «Դրոշակ» անունով։ Այս երկու անուններն էլ` «Դաշնակցություն» եւ «Դրոշակ», թարգմանվեցին Ժնեւի հնչակյան մի ուսանողի առաջարկությամբ, ռուսաց հեղափոխական իրականությունից։ Ժնեւում այդ ժամանակ կար «Союз русских революционеров»78, եւ այդ «союз» – ը թարգմանվեց «դաշնակցություն»։ Իսկ «Դրոշակը» Ամերիկայում հրատարակվող ռուս հեղափոխական «Знамя»79 թերթի անունից էր վերցվում։
Բայց, ինչպես եւ պետք էր սպասել, հեղափոխական կազմակերպությունների միությունը չկայացավ։ Եվ այս, իհարկե, դարձյալ ի դժբախտություն հայ ժողովրդի։ Հաշվի չառնելով արմենականությունը, որ երբեք չկարողացավ ուժեղ ու ազդեցիկ կուսակցություն դառնալ հայ իրականության մեջ, մնում էին երկու գլխավոր կազմակերպություններ` հնչակյան եւ դաշնակցական, որոնք շատ շուտով իրար հանդեպ բռնեցին հակառակորդի, անհաշտ թշնամու դիրքեր։ Ամեն մեկն աշխատում էր ցույց տալ, թե ինքն է լավ գործում, հեղափոխական առատ արդյունքներ տալիս։ Ամեն մեկն աշխատում էր մյուսին գերազանցել հախուռն գործողություններով, եւ այս անմիտ ու տղայական մրցակցության, այս թայֆայական հակամարտության դառն պտուղները կլանողն ուրիշ ոչ ոք չէր լինում, բացի եւ միայն հայ ժողովրդից։ Հնչակյան կուսակցությունը մինչեւ 1896թ. գտնվում էր հաջողության եւ լայն ժողովրդականության գագաթնակետին։ Այդ միջոցին նա, արբեցած իր դիրքերից, առանձին ուշադրություն չէր դարձնում Դաշնակցության վրա եւ գրեթե միայն լրագրական բանակռվով էր բավականանում։ 1896-ից սկսվում է հնչակյանների անկումը։ Այդ ժամանակից էլ կռիվը երկու կազմակերպությունների միջեւ ընդունում է կոպիտ,
77
Դատավարության ժամանակ ռուսներն այն մեկնաբանեցին որպես «Միացյալ Հայաստան», մինչդեռ դատվողները նշում էին տարբեր կերպ՝ «Միություն Հայաստանի», «Միություն Հայրենասիրաց» եւ այլն։
78
Ռուսերեն՝ «Ռուս հեղափոխականների միություն (դաշնություն)»։
79
Ռուսերեն՝ «դրոշակ»։