Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 31

Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Скачать книгу

եթե ոչ միակ, շարժառիթը նրանց միջոցով հայերին զսպելն էր։ Այսպիսով, ուրեմն, ստեղծվում էր մի նոր սոսկալի վտանգ հայ ժողովրդի համար։ Սա զգում էին ամենից առաջ իրենք` հայերը, եւ նրանցից շատերն այս երկյուղից դրդված` թողնում էին իրենց հայրենի երկիրը եւ գաղթում օտար երկրներ։ Այս պարզ զգում էին եւ Թուրքահայաստանում գտնվող եվրոպական հյուպատոսները։

      Էրզրումի անգլիական հյուպատոսը քրդական գնդերի պատճառած ընդհանուր երկյուղի թարգմանն էր հանդիսանում իր կառավարության առաջ, որ, սակայն, բավականանում էր Կ.Պոլսի իր դեսպանին մի թուղթ ուղարկելով, որով եւ սպառվում էր ամբողջ հարցը, իսկ անպաշտպան եւ անզեն հայ գյուղացին դրվում էր կատարելագործված զենքերով զինված, պաշտոնապես ապահով եւ անպատասխանատու դիրքի մեջ դրված քրդի լիակատար տրամադրության տակ։

      Այս ահեղ հանգամանքը հայ հեղափոխական կյանքի կողմից արժանավոր գնահատության չարժանացավ։ Կարծեք, քրդերի կազմակերպումը կարեւոր նշանակություն ունեցող երեւույթ չէր եւ այն կարելի էր արհամարհել։ Այդպես էլ արեցին։ Արհամարհեցին։ Աբդուլ-Համիդն ուներ իր ձեռքում հայերի համատարած ջարդերի համար պատրաստված մի շատ լավ միջոց։ Սակայն նա իսկույն ջարդի հրաման չարեց։ Սպասեց, որ հայերն իրենք առիթ տան։

      Եվ երկար չսպասեց։ Նույն 1892-ի աշնանը Անգլիայում տեղի ունեցան պառլամենտական ընտրություններ։ Հաղթությունը տարավ ազատական կուսակցությունը, եւ կառավարության գլուխ անցավ Գլադստոնը, որ պառլամենտում հերոսական պայքար սկսեց Իռլանդիային ինքնավարություն տալու համար։ Այդ ազատական պայքարը պիտի թեւավորեր եւ հայ հեղափոխականներին` ավելի եւս բորբոքելով նրանց եվրոպապաշտությունը։ Բայց Գլադստոնը ծերության պատճառով չկարողացավ մինչեւ վերջ տանել իր պայքարը եւ 1893-ի սկզբներին հրաժարական տվեց` իր տեղը տալով ազատամիտ կուսակցության մյուս լիդերին` լորդ Ռոզբերիին95, որ շարունակեց կռիվն անգլիական պահպանողականների եւ կալվածատեր լորդերի դեմ։ Գլադստոնի հիվանդանալն, ուրեմն, ոչինչ չէր փոփոխում Անգլիայի ազատասեր տրամադրության մեջ. Հայոց հարցը պետք էր նորից կենդանացնել եւ լուծելու համար հանձնել անգլիական ազատամիտ կառավարությանը։

      Հնչակյան կուսակցությունն այս նպատակով մի ապստամբություն պատրաստեց Սասունի լեռներում, ուր ամիսներ ի վեր այդ ուղղությամբ աշխատանքներ էր տանում Համբարձում Պոյաճյանը (Մուրադ96)։ Արդեն 1893-ի ամռանը հաճախացան ընդհարումները հայերի եւ քրդերի միջեւ։ Իսկ 1894-ի ամռանը հայերը, մերժելով կառավարությանը հարկեր տալ, բացարձակ ապստամբություն հարուցեցին։ Աբդուլ-Համիդի կարգադրությամբ այստեղ շտապեց Չորրորդ բանակը` Զեքի-փաշայի հրամանատարությամբ։ Սուլթանական հրաման է` ոչինչ եւ ոչ ոքի չխնայել։ Եվ Սասունի լեռներում սարսափները կուտակվեցին սարսափների վրա։ 27 հայ գյուղեր կործանված են. ազգաբնակչությունը, որի թիվը ոմանք հասցնում են մինչեւ 10 հազարի, սրի է քաշված։ Լեռնային ժողովուրդն իր այս խիզախ գործը լցրեց իր հերոսություններով եւ անձնազոհության սքանչելի օրինակներով։ Եվրոպայի համար, այսպիսով հարուստ նյութ էր պատրաստված միջամտելու եւ գործելու համար։

      Սասունի կոտորածի մանրամասնությունները բավական ուշ հասան քաղաքակիրթ կոչված աշխարհին։

Скачать книгу


<p>95</p>

Արչիբալդ Ֆիլիպ Պրիմռոուզ Ռոզբերի (1847-1929) – Անգլիայի լեյբորիստ վարչապետ 1894-1895-ին։

<p>96</p>

Ակնհայտ տպագրական վրիպակ կա (գրքում տպված է «Տրցաճյան», իսկ հատվածը վերատպած պարբերականները նշում են «Տրդատյան»). Մուրադ անունով հայտնի են բազմաթիվ հայդուկապետեր՝ երկուսը հնչակյան (Մեծն Մուրադ եւ Սեբաստացի Մուրադ), մնացյալը՝ դաշնակցական եւ ոչ շատ նշանավոր։ Այստեղ խոսքը հնչակյան Համբարձում Պոյաճյանի՝ Մեծն Մուրադի մասին է, ով հաճնեցի էր (տե՛ս սույն գլխի Բ մասի համապատասխան ծանոթագրումը)։ Հաջորդը Սեբաստացի Մուրադն է (1874-1918)՝ իսկական անվամբ՝ Մուրադ Խրիմյան (Կյուրիկյան), Սեբաստիայի Խորոխոն գյուղից։ Հնչակյան ամենանշանավոր գործիչներից, կրթություն է ստացել Պոլսում եւ Լոնդոնում։ Սասունի 1904թ. ապստամբության հերոսներից, Անդրանիկի կամավորական ջոկատում մասնակցել է Երզնկայի, Էրզրումի, Սարիղամիշի մարտերին։ 1918-ին Բաքվի կոմունայի զորքերի հայկական մասի հրամանատարն էր եւ զոհվեց այնտեղ թուրքական բանակի դեմ մարտում։ Հետայսու գրքում հանդիպողը բացառապես վերջինն է։ Գրքում այլ Մուրադներ չեն հիշատակվում։