Առակներ. Մխիթար Գոշ
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Առակներ - Մխիթար Գոշ страница 7
Եվ անցավ մի ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց.
– Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան։ Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր։ Արի, և մենք կլինենք առաջվա նման իրար սիրելի և միասին կապրենք։
Իսկ օձը պատասխան տվեց և ասաց.
– Այդպես չէ. քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ։
ԷՇԻՆ ԹՈՌ ԾՆՎԵՑ
Էշին ավետիս տվին, թե.
– Ցնծա և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց։
Եվ էշն ասաց.
– Վա՜յ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, չեն թեթևացնի ծանրությունն իմ մեջքի բեռան։
ԱՌՅՈԻԾԸ, ԱՂՎԵՍԸ ԵՎ ԱՐՋԸ
Առյուծը հիվանդացավ և բոլոր կենդանիները եկան նրան տեսության, միայն աղվեսն ուշացավ։ Արջը չարախոսեց նրան, և աղվեսը դռնամտից լսեց և, ներս ընկնելով, թավալվեց առյուծի առաջ։
Առյուծն ասաց աղվեսին.
– Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար։
Աղվեսն ասաց.
– Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության։
Եվ առյուծն ասաց.
– Բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է այդ դեղը։
Աղվեսն ասաց.
– Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա, իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից։
Առյուծը հրամայեց, արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին։ Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց։ Եվ աղվեսն ասաց.
– Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով, կչարախոսի մեկին։
ԿՏԱԿ ԳԱՆՁԻ ՄԱՍԻՆ
Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ։ Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.
– Ո՜վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը։ Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի։
Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը։
Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց, գանձերով։
ՈՒՂՏԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ
Ուղտը, գայլը և աղվեսը եղբայր եղան և ճանապարհ ընկան և ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացինք թե ով ավագ է, թող նա ուտի։ Եվ սկսեցին ասել իրենց տարիքը։ Աղվեսն ասաց.
– Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց։
Գայլն ասաց.
– Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ։
Եվ ուղտը, տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի առնեն, հացը բերանն առավ բարձրացնելով ասաց.
– Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները։
Եվ սկսեց հացն ուտել։ Իսկ աղվեսը և գայլը, ցատկելով նրա շուրջը, ոչինչ