Պատմվածքներ. Մուրացան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Պատմվածքներ - Մուրացան страница 17
– Ճշմարիտը խոստովանած, աղա Հովակիմ, դուք այո անգամ ինձ զարմացնում եք: Դժվար է գտնել այս քաղաքում մի մարդ, որին կարելի լիներ համոզել թե՝ աղա Հովակիմը այս ինչ գործը կամեցավ և չկարողացավ կատարել, կամ թե նա հրամայեց և նորա հրամանը անկատար մնաց: Դուք, իրավամբ, ժառանգած եք ամենակարող անունը, և դուք չպետք է դավաճանեք այդ անվանը: Ո՛չ մի արգելք և ո՛չ մի դժվարություն մենք չենք ճանաչում, որը կարողանար դիմագրել ձեր հրամանին, ուստի իզուր եք բարեհաճում համոզել ինձ, որ իմ ամենախոնարհ խնդրի կատարումը ձեր կարողությունեն վեր է: Բայց եթե արդարև դուք կատակ չեք անում, եթե դուք իջել եք այն բարձրությունից, որի վերա մինչև այսօր կանգնած էիք և կարողությամբ հավասարվել եք մյուս հասարակաստեղծ մարդիկների հետ, լավ է միանգամով հրամայեք մեզ տկարներիս գնալ և ջուրը թափվիլ, քան ապրիլ, որովհետև ինչ արժեք ունի այլևս մեր կյանքը առանց աղա Հովակիմի հայրենախնամ պաշտպանության…
Այստեղ պաստորը մինչև անգամ կամեցավ մի քանի կաթիլ արտասուք իջեցնել յուր տխուր երեսի վերա, սակայն տեսնելով, որ դերասանության այդ դժվար դերը իրան չի հաջողվում, շարունակեց,
– Ասացեք, կաղաչեմ, աղա Հովակիմ, ո՞ւմ դիմեն այսուհետև կարոտյալները, ո՞ւմ դիմեն մարդկային չարագործությանց ենթակա տառապյալները, ո՞ւմ դիմե իրավազուրկ այրին, ո՞ւմ դիմե անօգնական որբը… մտածեցեք, աղա Հովակիմ, մտածեցե՛ք մի րոպե, թե քանի – քանի թշվառներ ապրել և շնչել են քեզանով և թե դեռ քանիսին այսուհետև պետք է շունչ և հոգի տաք դարձյալ դուք: «Չեմ կարող» ձեր բարի լեզվի վերա շատ խորթ է հնչվում, ի սեր աստծո, մի արտասանեք դուք նորան և մի հուսահատեցնեք մեզ…:
Պաստորի այս հաճոյախոսությունը սպասված ազդեցությունը արավ: Նորա մանավանդ վերջին խոսքերը այն աստիճան գգվեցին աղա Հովակիմի փառամոլ ինքնասիրությունը, որ նա այլևս պաստորին դիմագրել չկարողացավ.
– Շատ լավ, շատ լավ, ես այդ մասին կաշխատեմ, – ասաց նա նորան, – դուք անհոգ կացեք:
– Շնորհակալ եմ, ով հասարակաց բարերար, բյուր անգամ շնորհակալ: Դուք միշտ պիտի փառաբանվիք քանի կենդանի եք և ձեր հիշատակը պիտի օրհնվի դարերի ընթացքում, երբ դեպի հանդերձյալ կենաց երանությունը փոխվիք:
Այս ասելով պաստորը բարձրացավ աթոռից և մինչև գետին խոնարհվելով ողջունեց աղա Հովակիմին եւ դուրս գնաց: Փոքր ժամանակից ետ դուրս գնաց տանից և աղա Հովակիմը յուր գեղեցիկ ձիու վերա նստած, որին հետևում էր մի հետևակ ծառա: Նոքա երկուսը միասին