Պատմվածքներ. Մուրացան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Պատմվածքներ - Մուրացան страница 18
Ոսկերիչ Եսավի նման ուրախացել էր այս ոսպաթանով և բնավ չէր մտածում յուր վաճառած անդրանկության, կամենում եմ ասել յուր կորցրած երջանկության յուր կնոջ և երեխայոց վերա…
Բայց այժմ մենք դառնանք նրանց մոտ:
Վարպետ Սարգսի տան մի ընդարձակ սենյակի մեջ նույն օրը անկողնում հիվանդ պառկած էին Մարիամը և նրա մոտ յուր մի տղա երեխան, որը այս անցքից մի քանի օր առաջ հիվանդացած էր պարանոցի ուռուցքով: Մանիշակը տխուր և գունաթափ դեմքով կծկվել էր մոր սնարների մոտ.
Տանտիկինը և հարսները նույնպես բոլորած էին Մարիամի շուրջը: Խաթուն մայրիկը տեսնելով, թե այս տխուր անցքը որքան մահացու կերպով ազդել էր խեղճ կնոջ վերա, աշխատում էր որքան յուր ճարտարախոսությունը ներում էր մխիթարել նրան: Բայց վերջինս միշտ անմխիթար էր. մանավանդ երբ նրանք խոսում էին ամուսնու դարձի մասին, որի համար նա կորուսած էր բոլոր հույսը, խեղճ կինը խորը հառաչում եւ արցունքներ էր թափում, առանց խոսել կարողանալու: Երբեմն զառանցման մեջ նա մրմնջում էր. «Այս խայտառակությունը միայն ինձ գերեզման կտանե… Ես դարձյալ կարող էի իմ տառապանացը տանել, եթե միայն իմ տան գաղտնիքները այսքան աշկարա հրապարակ չհանվեին…»:
Եվ արդարև նա ավելի մեծամեծ նեղությանց էլ կհամբերեր, եթե միայն յուր ցավերը լոկ իրան հայտնի լինեին, եթե միայն ուրիշները չիմանային, թե յուր երբեմն երջանիկ ընտանիքը թշվառացել է, թե յուր ամուսինը ամբոխի ձեռքով քաշված է դատարան և թե ինքը յուր երեխաներով փախած է սեփական տանից և ապաստանած է յուր դրացուն: Սրանք բոլորը յուր համար մի – մի մահացու հարվածներ էին: Որքան շատ նա տանջվել է, որքան շատ զրկանքներ կրել, բայց նրա ձայնը, նրա տրտունջը ոչ ոք չի լսել: Եվ այս ոչ թե պետք է վերագրել նրա երկչոտության, ո՛չ այլ առաքինի և անստգյուտ պարկեշտության: Մի կին, որ սիրում է յուր ընտանիքը և ապրում է միմիայն նրա համար, երբեք չէ կամենում այդ ընտանյաց խայտառակությունը յուրմով տեսնել: Ամեն գժտություններ, ամեն անբավականություններ նա ծածկում էր յուր համբերության վարագույրի տակ: Նա ինքը միայնակ նահատակ է հանդիսանում ամեն ընտանեկան փոթորիկների ժամանակ, խռովությանց բոլոր ալիքները փշրվում են նրա տկար գլխին, նա բոլորին տանում է արիությամբ, միմիայն նավի ղեկը ալիքներին չմատնելու համար, միմիայն իր տունը կատարյալ քայքայման չհասցնելու համար…
Արդյոք ի՞նչ կարծիք ունեին այդօրինակ կանանց վերա մեր մայրաքաղաքի հայ տիկինները, որոնք շատ անգամ իրանց գլխարկների մի ոսկեփայլ փետուրի պատճառով տակնուվրա են անում ամբողջ ընտանիքը:
Գավառեցի հայ կանայք, գավառեցի հայ մայրեր, որքան շատ փոքր ենք ճանաչում մենք ձեզ, որքան շատ փոքր ենք ծանոթ ձեր արժանավորությանց և առաքինությանը հետ: Մեր լուսավորվածները շլանում են երբ զարգացած հասարակությանց մեջ հանդիպում են մի կնոջ, որը իր բնական տկարության մեջ ցոլացնում է մի զորեղ առաքինություն, կամ հափշտակվում են, երբ բանաստեղծի երևակայության մեջ ծնվող և ապրող կանանց պատմություններն են կարդում: Բայց մի՛ սխալվիք, բարեկամնե՛րս, կամ մի՛ դարձրեք ձեր երեսը այս աղքատիկ տնակներից, ուր ծնվել եք և ուր անցուցել եք ձեր մանկությունը: Մտե՛ք այս ծխոտած հարկերի