Քնքուշ լարեր. Նար-Դոս

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Քնքուշ լարեր - Նար-Դոս страница 7

Քնքուշ լարեր - Նար-Դոս

Скачать книгу

շատ ուրախանում էր ու կրկչում: Պարոն Հարունյանն ինքն էլ չէր հասկանում, թե ինչու այդ օրն յուր սովորական դրությունից դուրս էր եկել, այս միայն նա գիտեր, որ մեկին սպասում էր: Լա՛վ, ի՞նչ անենք որ… Մի՞թե առաջին անգամն է այդ, որ նա մեկին սպասում է… Ինչո՞ւ ուրիշներին սպասելիս նա միևնույն այդ ուրախ տրամադրության մեջ չէր լինում… կամ ո՞վ է նա, որին այսօր սպասում է. ի՞նչ պիտի բերե նա նրա համար, ի՞նչ մի լավ բան, ի՞նչ մի ուրախալի լուր, որից հենց առաջուց նրա սիրտը ցնծում է: – Նա մի նոր ծանոթ է, ուրիշ ոչինչ, և միայն հյուր պիտի գա նրանց մոտ: Դեհ, շա՛տ բարի, ուրեմն էլ ի՞նչ կա այդտեղ այդպես ուրախանալու, ցնծալու… Հյուր է գալու, թող գա և գնա, պրծանք, գնա՛ց: Հարյուրավոր հյուրերի է սպասել նա, բայց երբեք նրա տրամադրությունն այդպես չի լարվել… Սակայն, ո՛չ – այդտեղ մի ուրիշ բան կա… մի անբացատրելի բան, մի մութ բան, որի մեջ, որպես երկու փայլուն աստղեր, վառվում, շողշողում են երկու կրակոտ աչքեր… որի մեջ, որպես գարնանային երկու միանման թարմ, կարմիր թագուհի վարդեր, սաստիկ վառվում են երկու սիրուն գեղաժպիտ այտեր… վերջապես, որի մեջ, որպես անտառի ուշագրավ հեզասաղարթ շշնջյուն, լսվում է մի հրապուրիչ, քաղցրիկ ձայն…

      Պարոն Հարունյանը նստած էր լուսամուտի մոտ` նույն օրվա լրագրի համարը ձեռքին: Նա ոչինչ չէր կարդում, չնայելով, որ աչքերը սևեռած էին լրագրի վրա: Նրա երևակայությունը հափշտակված էր…

      – Ինչո՞ւ իշխանուհին այսպես ուշանում է, Ստեփաննոս, – հանկարծ լսվեց նրա կնոջ ձայնը, որ իսկույն ևեթ հանեց նրան յուր անշարժ դրությունից:

      – Իշխանուհի՞ն, – մեքենայաբար հարցրեց պարոն Հարունյանը, ձեռքին բռնած լրագիրը վայր թողնելով: Տիկին Հարունյանը կանգնած էր նրա առաջ:

      – Այո: Շուտով ժամի տասը կլրանա:

      – Ժամի տա՞սը, մի՞թե… իսկ ես մոռացել էի, որ ժամի տասին ուրիշ տեղ պիտի գնամ, – ասաց պարոն Հարունյանը ժամացույցին նայելով և տեղից վեր կենալով,

      – Ո՞ւր:

      – Մեկի մոտ կարևոր գործ ունիմ: Զարմանալի է, ժամի տասն է, իսկ ես կարծում էի, թե ինն է տակավին:

      – Ուրեմն դու չե՞ս կարող սպասել իշխանուհու գալուն:

      – Ոչ մի կերպ, սիրելիս… Բայց շուտով կվերադառնամ, շատ շուտով… Մի քանի խոսելու բան ունինք միայն:

      Եվ ցիլինդրը ծածկելով, պարոն Հարունյանը դուրս գնաց:

      – Հազիվ թե հինգ րոպե էր անցել նրա գնալուց, երբ ծառան շնչասպառ ներս մտավ, ավելի լավ է ասել ներս վազեց տիկին Հարունյանի մոտ, կանչելով.

      – Տիկին, տիկին, պարոն Արմենակն եկել է…

      – Արմենա՛կը, – կանչեց իսկույն տիկին Հարունյանն ուրախությամբ և հենց կամենում էր դուրս վազել սենյակից, նախասենյակում շտապ ու հաստատ քայլերի ձայն լսվեցավ: Չանցավ մի քանի վայրկյան – մի բարձրահասակ գեղեցիկ երիտասարդ, ճանապարհորդական փոշոտ հագուստով և ուսանողական գլխարկով ներս վազեց նրան հանդեպ և իսկույն ընկավ նրա գիրկը Նորեկ երիտասարդը պարոն Հարունյանի կրտսեր եղբայրն էր և տիկին Հարունյանի տագրը:

      – Նո՛ւնե, Նո՛ւնե… – կանչեց նորեկն անպատմելի և անդրի անցանելի ձայնով:

      – Արմենա՛կ նույն ձայնով կանչեց և տիկին Հարունյանը:

      Եթե կա մի րոպե, երբ մարդ ամենքին ու ամեն բան մոռանում է – այդ անշուշտ երկու սիրող, սրտակից բարեկամների երկարատև անջատումից հետո կրկին տեսակցության

Скачать книгу