Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 30

Կայծեր Մաս 2 - Րաֆֆի

Скачать книгу

սովորած լինելով արևելյան լեզուներ, իհարկե, ընտելացած կլինեք և արևելյան սովորություններին:

      – Այդ դուք տեսնում եք, սրբազան հայր, – պատասխանեց Ասլանը ծիծաղելով, – տեսնում եք՝ ինչպես ծալապատիկ նստած եմ մինդարի վրա:

      Սրբազանը նույնպես ծիծաղեց:

      Մի մանկահասակ պատանի, լավ հագնված, բավական գրավիչ դեմքով, ներս մտավ, մի ձեռքում բռնած արծաթյա փոքրիկ սրճամանը, մյուս ձեռքում՝ արծաթյա փոքրիկ մատուցարան, որի վրա դրած էին երկու չինական ֆինջաններ, նույնպես արծաթյա տակերի մեջ: Այդ բոլոր հրապուրիչ անոթները, անուշահոտ ըմպելիքով, չափազանց մաքրությունից փայլում էին: Պատանին ծանրությամբ մոտեցավ, ածեց սև հեղուկը, նախ տվեց հյուրին և ապա սրբազանին: Սուրճից հետո մի այլ պատանի ներս բերեց արծաթյա նարգիլեն: Այդ բոլորը, եթե կարելի է այդպես ասել, բավական փաշայական էր, բավական նման էր փաշայի տան հյուրասիրության ձևերին:

      – Հիմա ես բոլորովին համոզվեցա, պարոն բժշկապետ, – ասաց սրբազանը, – որ դուք բավական ընտելացած եք մեր սովորություններին:

      – Ես մինչև անգամ սիրում եմ արևելյան սովորությունները, – պատասխանեց Ասլանը, նկատելով, որ սրբազանի հարցմունքները քննական ձև են ստանում: – Երբ ես վերադառնում եմ իմ հայրենիքը, իմ ամենալավ ընծաները իմ ընտանիքին լինում են արևելյան գորգեր, շալեր, արևելյան կարասիք: Մի սենյակ իմ տան մեջ, ուր ես պարապում եմ, զարդարված է բոլորովին արևելյան ճաշակով: Արևելքը հրապուրիչ է, սրբազան հայր, նա անփառասեր կրոնավորների վրա անգամ ունենում է իր ազգեցությունը:

      – Ինչպես ինձ վրա, պարոն բժշկապետ, – պատասխանեց սրբազանը, հասկանալով իր խոսակցի խուլ ակնարկությունը: – Ես, պարոն բժշկապետ, հետևում եմ մեր նշանավոր պատրիարքներից մեկի օրինակին, որը հագնում էր ամենաթանկագին զգեստներ, օծվում էր անուշահոտ յուղերով, մորուքի և գլխի մազերի վրա սփռում էր ոսկու փոշի և իրան շրջապատում էր ամեն տեսակ շքեղություններով: Մի անգամ, սուլթանի հետ սեղան նստած ժամանակ, թագավորը նկատողություն արեց նրան, թե կրոնավորին վայել չէ այդ աստիճան պճնասիրությունը: Նա, փոխանակ պատասխանելու, բաց արեց իր օձիքը և ցույց տվեց. փառավոր մետաքսյա զգեստի ներքո, մերկ մարմնի վրա, նա հագած ուներ այծի մազից գործված, կոշտ, ծակռտող խարազն, որ մի ժամանակ հագցնում էին հանցավորներին, երբ կամենում էին ավելի տանջել նրանց, հետո սովորության եղավ հագնել ճգնավորներին, որոնք իրանց անձը ենթարկում էին ամեն տիպի փորձությունների:

      Ասլանը շատ լավ գիտեր, որ նորին սրբազնությունը իր սև ատլասի փարաջայի տակից այս տեսակ խարազն հագած չունի, բայց դարձյալ համաձայնվեցավ նրա հետ, ասելով.

      – Արևելքում արտաքին փայլը մեծ նշանակություն ունի:

      – Մինչև անգամ հարկավոր է, – ավելացրեց սրբազանը, – այստեղ մարդկանց խելքը աչքերումն է և ոչ` գլխումը: Իմ նախորդը, երբ որ գնում էր փաշայի մոտ, նրան ժամերով սպասել էին տալիս, մինչև թույլտվություն էր ստանում ներկայանալու, որովհետև ոտքով էր գնում և աբեղայական հասարակ հագուստով: Բայց ինձ հետ այնպես չեն վարվում…

      – Ձեր փաշան բավական քաղաքավարի մարդ է, – խոսքը փոխեց Ասլանը:

      – Ամենապատվական մարդ է, բարի, առաքինի, ժողովրդասեր, աշխարհաշեն, մի խոսքով, թե՛ իբրև մարդ, և թե՛ իբրև երկրի կառավարիչ, անգնահատելի է, իր

Скачать книгу